Հաղթանակը նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին անակնկալի մատնեց, նրան դուր չեկավ իր պաշտոնակալության արարողությունը և նա շատ էր վախենում Սպիտակ տնից` այս և բազում այլ բացահայտումներ են շարադրված լրագրող Մայքլ ՈՒոլֆի «Կրակ և կատաղություն` Թրամփի Սպիտակ տան միջանցքներում» գրքում։ Բրիտանական մի քանի թերթեր էքսկլյուզիվ իրավունք են ստացել ծանոթանալ գրքի բովանդակությանը, երբ դեռ չէր հրատարակվել: ԱՄՆ ԶԼՄ-ները հաղորդում են, որ Թրամփի փաստաբանները փորձում են դադարեցնել գրքի հրատարակումը։ Գրքի հիմքում 200 հարցազրույցներն են նախագահի ու նրա մերձավոր շրջապատի, իստեբլիշմենտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ ՈՒոլֆը գրում է, որ բախտն իրեն, պատկերավոր ասած` նստեցրել է Սպիտակ տան արևելյան թևի բազմոցին և հնարավորություն տվել հետևել նախագահի աշխատակազմի աշխատանքին։ Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը պնդում է, որ ՈՒոլֆի գիրքը լի է սուտ ու մոլորեցնող մանրամասներով։
Ներկայացնում ենք 10 պնդում գրքից` Վաշինգտոնում ВВС-ի թղթակից Էնտոնի Զուրկերի մեկնաբանություններով.
1. Սթիվ Բենոնը մեղադրել է Թրամփի որդուն դավաճանության մեջ
Գրքում հաստատվում է, որ Սպիտակ տան նախկին գլխավոր ռազմավար Սթիվ Բենոնը դավաճանություն է անվանել ընտրություններից առաջ մի քանի ռուսների հետ Թրամփի որդու հանդիպումը: 2016-ի հունիսին, ընտրություններից մի քանի ամիս առաջ այդ հանդիպմանը Դոնալդ Թրամփ կրտսերին առաջարկել են Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութեր։ Մայքլ ՈՒոլֆի համաձայն` Բենոնն այդ հանդիպման մասին իրեն ասել է. «Ընտրարշավի երեք գլխավոր տղաները վատ ոչինչ չէին տեսնում օտարերկրյա կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպելու մեջ Թրամփ թաուերի 25-րդ հարկի մամլո սրահում` չհրավիրելով իրավաբանի։ Ոչ մի իրավաբանի։ Նույնիսկ եթե նրանք դավաճանական ու ոչհայրենասիրական ոչինչ չէին տեսնում, թեպետ ես հենց այդպես եմ անվանում, նրանք պետք է առաջին հերթին տեղեկացնեին ՀԴԲ-ին»։ «Նրանք Դոն կրտսերին կճզմեն ազգային հեռուստատեսությունում»` իբր հավելել է Սթիվ Բենոնը` նկատի ունենալով, որ Թրամփի նախագահական ընտրարշավի ու Մոսկվայի կապերն ուսումնասիրող հատուկ հանձնաժողովը կկենտրոնանա փողերի լվացման հարցի վրա։
Էնտոնի Զուրկեր. Բենոնը ռումբ պայթեցրեց` հուղարկավորելով Սպիտակ տան փորձերը նվազեցնել Թրամփ թաուերում հունիսյան ճակատագրական հանդիպման նշանակությունը և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը ներկայացնել իբրև վհուկների որս։ Բացի այն, որ դա սխալ կլիներ, ինչպես ասում է Բենոնը, դա նաև անթույլատրելի հիմարություն կլիներ։ Թրամփն իրեն հատկապես խոցելի է համարում, որովհետև գրոհում են իր ընտանիքի վրա։
2. Թրամփն անակնկալի եկավ իր հաղթանակից
NYMag ամսագրում հակիրճ պատմելով իր գրքի մասին` ՈՒոլֆը նկարագրում է Թրամփի շտաբի զարմանքն ու շփոթվածությունը 2016-ի նոյեմբերին` հաղթանակից հետո։ «Ընտրությունների օրը 20.00-ից հետո, երբ Թրամփի հավանական հաղթանակի անհավանական տրենդը իրականություն դարձավ, Դոն կրտսերն ընկերոջն ասում էր, որ հայրը կարծես ուրվական տեսած լինի։ Մելանիան լաց էր լինում ու բնավ էլ ոչ ուրախությունից։ Հաջորդ մեկ ժամում, ինչպես Սթիվ Բենոնն է պատմում, շփոթված, ապշահար Թրամփն ավելի ու ավելի էր դառնում սարսափահար Թրամփ։ Վերջնական փոփոխությունից հետո Դոնալդ Թրամփը հանկարծ դարձավ մարդ, որ իրոք հավատում է, որ ինքը արժանի է ու ի վիճակի լինել ԱՄՆ նախագահ»։
Էնտոնի Զուրկեր. Սա միանգամայն հակառակն է այն ամենի, ինչ մշտապես պատմում է Թրամփի թիմը հաղթանակի օրվա մասին։ Լիովին հնարավոր է, որ ընտրարշավի երկրորդական մասնակիցները պարտության դեպքում իրենց համար նահանջի ճանապարհ էին ապահովում, բայց Թրամփը և նրա մերձավոր շրջապատը հավատում էր հաջողությանը։ «Սարսափահար Թրամփ» սցենարում ոչ մի տեղ չկա։ 3.Թրամփը զայրանում էր պաշտոնակալության արարողության ժամանակ
ՈՒոլֆը գրում է. «Թրամփը պաշտոնակալության արարողությունից ոչ մի հաճույք չստացավ։ Նա զայրանում էր, որ առաջին մեծության աստղերը անտեսեցին այդ իրադարձությունը։ Նա նյարդային էր, որ ստիպված էր գիշերն անցկացնել նախագահական Blair House հյուրանոցուն (Ջիմի Քարտերից սկսած ավանդույթով)։ Նյարդայնացնում էր կնոջը, որ թվում էր` ահա-ահա հեծկլտալու է։ Ամբողջ օրը նա այն տեսքն ուներ, որ իր մերձավոր շրջապատի խոսքով, ունենում է գոլֆ խաղալիս` չարացած, դժգոհ, կորացած, թևերը կախ, ունքերը կիտած, շուրթերը սեղմած»։
Առաջին տիկնոջ գրասենյակում այդ պնդումը հերքում են։ «Միսիս Թրամփը աջակցել է նախագահական ընտրարշավին մասնակցելու ամուսնու որոշմանը և նույնիսկ համոզել է նրան այդ քայլին դիմել։ Նա չէր կասկածում ամուսնու հաղթանակին և երջանիկ էր, երբ հաղթեց»` հայտարարել է Մելանիա Թրամփի` հասարակայնության հետ կապերի տնօրեն Ստեֆանի Գրիշեմը։
Էնտոնի Զուրկեր.ՈՒոլֆի խոսքերը հաստատում է մեծ տարածում գտած տեսաֆիլմը, որտեղ Մելանիան կանգնած է քարացած դեմքով և մի կերպ ժպիտ է սարքում, երբ ամուսինն իրեն է նայում։ Դա նաև բացատրում է` ինչու էր Թրամփն այդքան անհանգստանում, որ արարողությունը հաջող անցնի ու շատ մարդ գա: Նա իրեն վիրավորված էր զգում, որ իրադարձությունը արժանի վերաբերմունք չստացավ շատերի կողմից ու իրեն այդպես էլ պահում էր։
4. Թրամփը վախենում էր Սպիտակ տնից
ՈՒոլֆը գրում է. «Սպիտակ տունը Թրամփին թվաց տհաճ ու մի քիչ էլ վախեցնող։ Նա անմիջապես առանձնացավ իր ննջարանում։ Նախագահ Քենեդիի ժամանակներից առաջին անգամ նախագահական զույգը պահանջեց առանձին ննջարաններ։ Նախագահը անմիջապես խնդրեց ևս երկու հեռուստացույց ավելացել և դռանը փակ դնել` անտեսելով հատուկ ծառայություններին, որ պնդում էին` իրենք պետք ամեն տեղ մուտք ունենան»։
Էնտոնի Զուրկեր. Կյանքի մեծ մասը Թրամփն ապրել է սեփական կանոններով։ Նրա կարողությունը, որ ձեռք է բերել անշարժ գույքի վաճառքով, հնարավորություն է տվել բավարարել ցանկացած քմահաճույք կամ ֆոբիա։ Ընտելանալ Սպիտակ տանը, որ Հարրի Թրումենն անվանում էր «Մեծ սպիտակ բանտ», հավանաբար նրա համար բարդ էր։
5. Իվանկա Թրամփը ցանկանում է նախագահ դառնալ
Մայքլ ՈՒոլֆը պնդում է, որ Դոնալդ Թրամփի դուստրը և նրա ամուսին Ջարեդ Քուշները համաձայնագիր են կնքել, որով երկուսից հենց Իվանկան կփորձի նախագահի թեկնածու առաջադրվել։ «Տատանվելով ռիսկերի ու պարգևի միջև, Ջարեդն ու Իվանկան համաձայնեցին ստանձնել Արևելյան թևում իրենց առաջարկված դերերը։ Բոլորը, ում նրանք ճանաչում էին, խորհուրդ էին տալիս անել դա։ Դա ընտանեկան զույգի համատեղ որոշումն էր և համատեղ աշխատանքը։ Նրանք չափազանց լուրջ համաձայնության եկան` եթե ապագայում հնարավորություն ստեղծվի, Իվանկային առաջադրել նախագահի թեկնածու։ Առաջին կին նախագահը կլինի ոչ թե Հիլարի Քլինթոնը, այլ` ինքը` որոշել է Իվանկան։ Սթիվ Բենոնը, որ ժամանակին երիտասարդ ամուսիններին կատակով անվանում էր «Ջարվանկա» (Ջարեդ ու Իվանկա), իր խոսքով` սարսափեց, երբ իմացավ զույգի մտադրությունը»։
Էնտոնի Զուրկեր. Բենոնի ու Ջարվանկայի թշնամանքը ոչ մեկի համար գաղտնիք չէր ու ոչ մեկին չզարմացրեց։ Բենոնի համար զույգը մարմնավորում է այն ամենը, ինչին ինքը դեմ է` Արևելյան ափեզրից եկածների էլիտարությունը և ամեն ինչի իրավունքը` կոնկրետ ընտանիքի պատկանելության փաստով։ Շնորհիվ իրենց ազգակցական կապին, նրանք միշտ նախագահի ականջին շշնջալու հնարավորություն են ունեցել, որ կարող էր դինաստիան շարունակելու հույս տալ։
6. Իվանկան ծաղրում է հոր սանրվածքը
ՈՒոլֆը գրում է, որ «ԱՄՆ-ի առաջին դուստրը» աջակցել է կատակին, որ Դոնալդ Թրամփի սանրվածքը բացատրվում է գանգամաշկի մի մասի հեռացումով։ «Նա հորը վերաբերում էր փոքր-ինչ օտարոտի, անգամ հեգնանքով և ծաղրում էր նրա սանրվածքը։ Հայրիկի սանրվածքը իր ընկերներին նա բացատրում էր այսպես` մերկ գանգ, որ առաջացել է գանգամաշկի մի մասը հեռացնելուց, կողքերից ամրացված և առջևում վերև ցցված փափկամազափնջով, որ միանում է կենտրոնին։ Նրանք հետ են սանրվում ու ամրացվում են լաքով։ Նա ասում է, որ հայրը սպիտակ մազերը ներկում է Just For Мen ներկով, որ մգանում է` ինչքան ավելի երկար է մնում մազերին։ Բայց Թրամփն անհամբեր է, այդ պատճառով մազերը ստացվում են նարնջագույն»։
Էնտոնի Զուրկեր. Զարմանալի չի լինի, եթե այս անեկդոտը Թրամփին ամենից շատ վշտացնի։ Նախագահը հպարտանում է իր մազերով և մի անգամ նույնիսկ թույլ է տվել երեկոյան շոուի հաղորդավար Ջիմի Ֆալոնին խառնշտել սանրվածքը, որ համոզվի` կեղծամ չէ։ Քամոտ օրերին Թրամփը սովորաբար բեյսբոլի գլխարկ է դնում։ Նրա սանրվածքը իր բրենդի նույնքան անքակտելի մասն է, որքան վիթխարի հյուրանոցներն ու ոսկեզօծ շարժասանդուղքները։
7. Սպիտակ տունը վստահ չէ գերակայություններում
Մեկ տարի առաջ նշանակվելով Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ` Քեթի ՈՒոլշը հարցրել է նախագահի գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշներին` ի՞նչ նպատակներ է իր առաջ դնում աշխատակազմը։ ՈՒոլֆի վարկածով` Ջարեդը նրան չի կարողացել պատասխանել։ «Ասա ինձ երեք խնդիր, որոնց նախագահը հատուկ ուշադրություն է դարձնում,- խնդրել է ՈՒոլշը։- Որո՞նք են Սպիտակ տան երեք գլխավոր գերակայությունները»։ Դա ամենաակնհայտ հարցն էր, որ կարելի է պատկերացնել։ Որին նախագահի յուրաքանչյուր թեկնածու պետք է պատասխան ունենա Սպիտակ տուն տեղափոխվելուց շատ առաջ։ Բայց Թրամփն արդեն վեց շաբաթ նախագահ է, իսկ Քուշները չկարողացավ պատասխանել։ «Այո,-ասաց նա ՈՒոլշին,- հավանաբար այդ մասին մենք պետք է խոսենք»։
Էնտոնի Զուրկեր. Երբեմն նոր վարչակազմին ավելի շատ ժամանակ է պահանջվում` ոտքի տակի հողը զգալու համար։ Թրամփի դեպքում իրավիճակը հատկապես բարդ էր։ Հաղթելով ընտրություններում բարձրագոչ խոստումներով` ամրապնդել սահմանները, վերանայել առևտրական պայմանագրերը, նվազեցնել հարկերը, վերացնել Օբամայի ապահովագրական համակարգը, նրա համար իսկապես բարդ էր կողնորոշվել գերակայությունների մեջ։
8. Թրամփը հիացած է Մերդոկով
Մայքլ ՈՒոլֆը, որ գրել է Ռուպերտ Մերդոկի կենսագրությունը, նկարագրում է` ինչ հարգանքով է նախագահ Թրամփը վերաբերվում ծերունազարդ մեդիամագնատին։ «Ռուպերտ Մերդոկը, որ խոստացել էր նորընտիր նախագահին շնորհավորելու գալ, ուշանում էր։ Երբ հյուրերից ինչ-որ մեկն արդեն պատրաստվում էր հեռանալ, նյարդայնացած Թրամփը վստահեցնում էր, որ Ռուպերտն արդեն հասնում է. «Նա մեծերից մեկն է, վերջին մեծը։ Դուք պիտի մնաք ու տեսնեք նրան»` ասում էր Թրամփը` դեռ ինքն իրեն հաշիվ չտալով, որ հիմա ինքն աշխարհի ամենահզոր մարդն է, սովորույթի ուժով` նա ցանկանում էր ստանալ մեդիամագնատի դրվատանքը, որ մի անգամ, քամահրանքը չթաքցնելով, Թրամփին անվանել էր խաբեբա ու հիմար»։
Էնտոնի Զուրկեր. Ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը քանիցս թշնամացել է Մերդոկին պատկանող Fox News հեռուստաալիքի հետ, կոպտել հաղորդավար Մեգին Քելիին, բոյկոտել նախընտրական դեբատները: Այնուամենայնիվ, նախագահը Fox News-ի մեծ երկրպագու է և պաշտոնակալությունից հետո հեռուստաալիքը սկսել է նրան պաշտպանել։
9. Մերդոկը Թրամփին ապուշ է անվանել
ՈՒոլֆը նկարագրում է Սիլիկոնային հովտի ձեռներեցների հետ նախագահի հանդիպումից հետո Թրամփի ու Մերդոկի միջադեպը։ «Այս տղաներին պետք է իմ օգնությունը։ Օբաման նրանց հետ այնքան էլ լավ չի վարվել, չափազանց խիստ կանոնակարգ է։ Ես նրանց օգնելու շանս ունեմ»` հեռախոսով ասել է Թրամփը Մերդոկին` նկատի ունենալով, որ պետք է թուլացնել միգրացիոն օրենքը, որ ԱՄՆ-ին թույլ կտա բարձր որակավորմամբ մասնագետներ ընդունել։ Մերդոկը նրան հիշեցրել է, որ այդ քայլը թույլ չի տա կատարել իր նախընտրական խոստումը` փակել սահմանները և պատ կառուցել։ Գործողությունների մեջ տրամաբանության բացակայության պատճառով էլ Մերդոկը Թրամփին ապուշ է անվանել։
Էնտոնի Զուրկեր. Իրոք կոնֆլիկտ կա Թրամփ-նախագահի հակամիգրանտական հռետորաբանության և Թրամփ-բիզնեսմենի շահերի միջև, ում բիզնեսը խիստ կախված է միգրանտ աշխատողներից։ Գուցե այս իրավիճակում նրա մեջ խոսել է բիզնեսմենը։
10. Ֆլինը գիտեր, որ Ռուսաստանի հետ կապերը ջրի երես դուրս կգան
Ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը գիտեր, որ 2015-ին ռուսական կրեմլամերձ հեռուստաընկերության կազմակերպած համաժողովում ելույթի համար Russia Today-ից ստացած 45000 դոլարը չի մոռացվի` գրում է ՈՒոլֆը։ Նա հաստատում է, որ նախընտրական արշավի սկզբում Ֆլինի բարեկամները նրան զգուշացրել են, որ այդ պահը կարող է մեծ խնդիր դառնալ։ «Դա խնդիր կլինի, եթե մենք հաղթենք»` այն ժամանակ պատասխանել է Ֆլինը։ Մի շարք դրվագներով Ֆլինին մեղադրանքներ են ներկայացվել Ռոբերտ Մյուլերի հատուկ հետաքննության շրջանակներում` ԱՄՆ-ի 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հանարավոր միջամտության վերաբերյալ։
Էնտոնի Զուկեր. Ֆլինը, ինչպես Պոլ Մանաֆորտը, Թրամփի այն մերձավորներից էր, ում նախկին գործունեությունը ոչ մեկին չէր հետաքրքրի, եթե նախագահական ընտրարշավը ձախողվեր: Ստացվեց ինչպես «Պրոդյուսերները» ֆիլմում` նրանց հաջողությունը դարձավ նրանց կործանման սկիզբը։
ВВС
Հ.Գ. Գիրքը հունվարի 5-ից հանվել է վաճառքի։ Թրամփն արդեն հայտարարել է, որ գիրքը լի է ստերով, կիսաճշմարտություններով ու գոյություն չունեցող աղբյուրներով, նա արգելել է Մայքլ ՈՒոլֆի մուտքը Սպիտակ տուն։ Նաև ասել է, որ երբեք ՈՒոլֆին հարցազրույց չի տվել գրքի համար։ Թրամփի փաստաբանները փորձել են արգելել գրքի տպագրությունն ու հրատարակումը: Բայց բոլոր այդ խոսակցությունները դարձել են լավագույն գովազդը գրքի համար, որ ևս մի քանի շաբաթով կցնցի ԱՄՆ-ը, հետո կմոռացվի։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ